Ձմեռային ազգարական փառատոն․ հայկական դիցաբանություն

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին` նաև Արեգակի շուրջը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

Աստվածուհիներ

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

Հայոց պատմությունը Տիգրան Մեծի մասին

 Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: 

This image has an empty alt attribute; its file name is image.jpeg

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):

Հայ դիցաբանությունը Տիգրան Մեծի մասին

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *