Քաղաքացիական օրենսգիրք

Քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք՝

ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Քաաքացիական օրենսգրքից առանձնացնել՝

Քաղաքացիների իրավունակությանըվերաբերող հոդվածները

Հոդված 20.Քաղաքացու իրավունակությունը

 

1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

 

Հոդված 21.Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

 

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

 

Հոդված 22.Քաղաքացու անունը

 

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

Քաղաքացու գործունակությունը

Հոդված 24.Քաղաքացու գործունակությունը

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

Մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը սահմանող հոդվածները

Հոդված 30.Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը

 

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:

4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել սույն օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *