ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 17-21, 23-26/Թեմաներ՝

Պետության առաջացման ընդհանուր պատճառները:

Պետության առաջացման ձևերը:

Պետության հասկացությունը և հիմնական հատկանիշները:

1. Որո՞նք են պետության ծագման հիմնական պատճառները:

Պետության ծագման հիմնական պատճառներն են․

  1. Հասարակության բարդացմամբ պայմանավորված նրա կառավարումը կատարելագործելու անհրաժեշտությունը։ Հասարակության բարդացումն իր հերթին կապված է արտադրության զարգացման, նոր ճյուղերի երևան գալու, աշխատանքի հասարակական բաժանման, սոցիալական կառուցվածքների առանձնացման և խոշորացման, բնակչության թվի մեծացման հետ: Հին կառավարման ապարատը չէր կարող իրականացնել այդ գործընթացների կառավարումը:
  2. Խոշոր հասարակական աշխատանքներ կատարելու անhրաժեշտությունը: Դա առանձնապես դրսևորվում է այն տարածաշրջաններում որտեղ արտադրության հիմքը ոռոգելի հողագործությունն է։ Անհրաժեշտ էր կառուցել ջրանցքներ, ճանապարhներ, շենքեր և այլն, որի համար անհրաժեշտ էր միավորել մեծ թվով մարդկանց ջանքերը:
  3. Շահագործվողների դիմադրությունը ճնշելու անհրաժեշտությունը։ Նախնադարյան կարգերի քայքայման հետևանքով առաջանում են հարուստներ և աղքատներ, հակամարտ շահեր ունեցող դասակարգեր, ունևոր փոքրամասնության կողմից մեծամասնության շահագործում և որպես հետևանք վերջիններիս դիմադրությունը շահագործման հանդեպ։ Տոհմացեղային իշխանության կազմակերպությունը չէր կարող ճնշել և հնազանդության մեջ պահել շահագործվողներին:
  4. Հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու անհրաժեշտությունը, հասարակական արտադրության կազմակերպումը, հասարակական կայունության պահպանումը:
  5. Պատերազմներ վարելու անհրաժեշտությունը` ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով։

Թվարկված պատճառները մեծամասամբ գործում էին իրենց համակցության մեջ, ընդ որում, տարբեր երկրներում դրանցից մեկը կարող էր գերակշռող լինել, օրինակ, Եվրոպայում գերակշռող նշանակություն ուներ շահագործվող դասակարգի ճնշման անհրաժեշտությունը, Ասիայում և Աֆրիկայում` հասարակական աշխատանքների կատարումը և այլն:

2. Որո՞նք են պետության ծագման ձևերը:

Եվրոպայում պետության առաջացման գլխավոր գործոնը հասարակության դասակարգային բաժանումն էր, մասնավոր սեփականության առաջացումը, շահագործողների դիմադրությունը ճնշելու անհրաժեշտթյունը։ Սակայն այդ ընդհանուր գործոնների առկայության պայմաններում տարբեր եվրոպական երկրներում պետության ծագումը ընթացել է կոնկրետ ձևերով: Այս կապակցությամբ կարելի առանձնացնել պետության ծագման հետևյալ ձևերը.

աթենական,

հռոմեական,

գերմանական:

Աթենական պետության ծագումը անվանում են ամենամաքուր, դասական ձևը: Այստեղ պետությունը ծագում է անմիջականորեն տոհմական հասարակության ներսում առաջացող փոփոխությունների և հակասությունների ձևավորման հետևանքով Այստեղ բացակայում են արտաքին գործոնները /պատերազմ, նվաճումներ/: Աթենքում արդեն զարգացման վաղ փուլում առաջացավ տնտեսական անհավասարություն, ձևավորվեց մասնավոր սեփականությունը։ Սեփականատերերի բավականին ազդեցիկ խումբը ձգտում էր թուլացնել տոհմացեղային իշխանություն ունեցողների ազդեցությունը և իշխանությունը հանձնել իր ներկայացուցիչներին: Այդ խնդրի լուծման արդյունքում Աթենքում տեղի ունեցան երկու հեղափոխական նշանակություն ունեցող իրադարձություններ` Սալոնի և Կլիսթենեսի ռեֆորմները: Դրանց արդյունքում վերջնականապես փլուզվեց հին տոհմացեղային իշխանության համակարգը և ձևավորվեց պետությունը՝ իր պետական մարմիններով, բանակով, ոստիկանությամբ և այլն:

Պետության կազմավորումը Հին Հռոմում գրեթե ընթանում էր նույն ուղիով, ինչ Հունաստանում: Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ գործընթացն արագացավ պլեբեյների և պատրիկների միջև մղվող պայքարով: Պատրիկները Հռոմում տոհմային ազնվականներն էին: Պլեբեյները անձնապես ազատ մարդիկ էին, սակայն դուրս էին հռոմեական տոհմից և հռոմեական ժողովրդի բաղկացուցիչ մասը չէին կազմում: Նրանք հողի սեփականատերեր էին, պարտավոր էին վճարել հարկեր, ծառայել բանակում, սակայն զրկված էին որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Պլեբեյները պայքարում էին հասարակության կառավարմանը մասնակցելու համար: Նրանց այդ պայքարը պայքար էր նաև հռոմեական տոհմական կարգերի դեմ: Մի քանի հարյուրամյակ տևող այդ պայքարը ի վերջո ավարտվեց պլեբեյների հաղթանակով: Դրա հետևանքով պայթեցվեց տոհմատիրական կարգը և ձևավորվեց պետություն, որը հիմնված էր տարածքային բաժանման և գույքային անհավասարության վրա:

Հին գերմանների մոտ պետության կազմավորման վրա մեծ ազդեցություն ունեցավ նրանց կողմից հռոմեական կայսրության վիթխարի տարածքների նվաճումը։ Գերմանական ցեղերը գտնվում էին տոհմատիրական կարգերի քայքայման և դասակարգերի կազմավորման պրոցեսում։ Տոհմատիրական իշխանության մարմինների միջոցով նրանք չէին կարող հնազանդության մեջ պահել Հռոմի կողմից նվաճված տարածքները՝ պրովինցիաները: Հռոմեական պետական ապարատը պետք է փոխարինվեր մեկ այլ բանով, իսկ դա կարող էր միայն մեկ այլ պետություն լինել: Այդ պատճառով էլ հռոմեական կայսրության նվաճումից հետո գերմանների տոհմացեղային իշխանության մարմինները արագորեն վերափոխվում են պետական մարմինների և ցեղի առաջնորդը դառնում է թագավոր:

3. Պետություն հասկացության սահմանումը:

Պետության որպես իշխանության կազմակերպության նշանակությունը կայանում է հասարակության կառավարման, նրա առջև կանգնած հիմնախնդիրների լուծման մեջ: Պետությունը հանդես է գալիս իբրև ողջ հասարակության քաղաքական իշխանության կազմակերպություն: Իշխանությունը անձանց ու կազմակերպություններին իրեն ենթարկելու հատկություն է։ Իշխանություն ունեցողը օժտվում է նաև կառավարման իրավունքով: Պետության մեջ իշխանությունն ունի քաղաքական բնույթ: Պետական կառավարման մեջ անխուսափելիորեն արտահայտվում են հասարակության տարբեր խմբերի, դասակարգերի շահերը: Դրա հետևանքով քաղաքական իշխանության գործունեության մեջ անխուսափելիորեն դրսևորվում են առանձին դասակարգերի կամքը, շահերը, իսկ քաղաքական իշխանությունը ձեռք է բերում դասակարգային բնույթ: Պետության էությունը այդ պատճառով ունի երկու կողմ, քանի որ հասարակության կառավարումը հնարավոր է ինչպես ողջ հասարակության շահերից ելնելով, այնպես էլ մարդկանց առանձին խմբի շահերից ելնելով: Պետության էության մեջ դրսևորվում են այդ երկու կողմերը: Մի կողմից, պետությունը հանդես է գալիս իբրև ողջ հասարակության բնականոն կյանքը կազմակերպող գործիք, իսկ մյուս կողմից, ծառայում է միջոց ունևոր փոքրամասնության ձեռքում բնակչության մեծամասնությանը ճնշելու, հնազանդության մեջ պահելու համար: Այդ երկու կողմերը պետության էության մեջ եղել են ու կան: Պետության զարգացման տարբեր ժամանակաշրջաններում այս երկու կողմերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ, ընդ որում` մեկի ուժեղացումը հանգեցնում է մյուսի թուլացմանը:

4. Որո՞նք են պետության հիմնական հատկանիշները:

  1. Պետությունը որպես քաղաքական իշխանության կազմակերպություն օժտված է մի շարք հատկանիշներով, որոնք պայմանավորում են նրա էությունը և տարբերում այլ կազմակերպություններից: Դրանք են.
  2. Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպություն է, որն ունի կառավարման և հարկադրանքի հատուկ ապարատ: Պետական ապարատը իրենից ներկայացնում է պետության մարմինների համակցություն: Դրանք իրենցից ներկայացնում են քաղաքական իշխանության նյութականացման արտահայտություններ: Պետությունը ընկալելի, շոշափելի է դառնում հենց իր ապարատի միջոցով: Երբեմն գիտության մեջ կառավարման և հարկադրանքի ապարատը բնութագրում են հրապարակային իշխանություն տերմինով: Սրա իմաստն այն է, որ հասարակության կառավարումն իրականացվում է նրանից դուրս գտնվող պրոֆեսիոնալ հիմունքներով կառավարչական գործառույթներ իրականացնող անձանց հատուկ խմբի կողմից, որոնք հայտնի չավով դուրս են հասարակության վերահսկողությունից և կարող են նրան պարտադրել իրենց կամքը։ Պետության ապարատում կարելի է առանձնացնել նրա այնպիսի օղակներ, ինչպես օրենսդիր, գործադիր և դատական մարմիններն են: Կարևոր տեղ ունեն նաև հարկադրանք իրականացնող օղակները՝ բանակը, ոստիկա նությունը, ազգային անվտանգության մարմինները, քրեակատարողական հիմնարկները և այլն:
  3. Պետությունը քաղաքական իշխանության տարածքային կազմակերպություն է: Տարածքը պետության գոյության բնական պայմանն է: Դրա տակ հասկանում ենք երկրագնդի այն մասը, որի վրա պետությունը կազմակերպում է իր իշխանությունը, ներգործելով այնտեղ ապրող բնակչության վրա, նրանց բաժանելով քաղաքացիների, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց: Տարածքը պայմանավորում է պետության մի շարք գործառույթներ, օրինակ, երկրի պաշտպանության, հիմք է հանդիսանում իշխանության տարբեր օղակների միջև լիազորությունների բաշխման համար: Պետությունն իր միասնական տարածքը բաժանում է առանձին մասերի, վարչատրածքային միավորների, որոնք հեշտացնում և արդյունավետ են դարձնում պետական կառավարումը:Պետությունը կազմակերպում է հասարակական կյանքը իրավական սկզբունքների հիման վրա: Իր մարմինների միջոցով պետությունը հրապարակում է համապարտադիր վարքագծի կա- նոններ, իրավական նորմեր, որոնց միջոցով կարգավորում է հա- սարակական հարաբերությունները և իրականացնում իր գործա- ռույթները: Այդ նորմերի համակցությունը կազմում է իրավունքը: Պետությունը միակ կազմակերպությունն է, որը պրակտիկորեն ձևավորում է իրավունքը, բացի իրավաստեղծ գործունեությունից, պետությունը իրականացնում է նաև իրավակիրառիչ և իրավա- պաշտպան գործունեություն:
  4. Պետության կարևոր հատկանիշներից է և այն, որ իր ապարատը պահելու և գործառույթներն իրականացնելու համար բնակչությունից գանձում է հարկեր: Դա պետության մենաշնորհն է, ուրիշ որևէ կազմակերպություն կամ պաշտոնատար անձ այդպիսի իրավունք չունի:
  5. Պետությունը օժտված է ինքնիշխանությամբ սուվերենությամբ/: Դրա տակ հասկանում ենք պետության գերագույնությունը և անկախությունը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարաբերություններում:

Վերոնշյալները՝ պետության հիմնական հատկանիշներն են: Բացի դրանցից, պետությունը կարող է ունենալ նաև այլ հատկանիշներ, օրինակ խորհրդանիշ, օրհներգ, զինանշան, դրոշ, մայրաքաղաք և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *